Նոյեմբերի 10-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով  վիրավորներից մեկին տեղափոխել են Երեւան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Նա նշեց, որ 17-ամյա Հովհաննես Չախոյանի մոտ կասկածում էին գանգի հիմնի կոտրվածք, արյունազեղում, ուստի տեղափոխեցին Երեւան՝ «Էրեբունի» բ/կ, որտեղ, բարեբախատաբար, հերքվեցին բոլոր կասկածները: Այժմ տղայի առողջական վիճակը բավարար է: Վիրավորներից Ալբերտ Շահնազարյանը դուրս է գրվել եւ տուն գնացել: Այժմ Գյումրիի հիվանդանոցում գտնվում է 5 վիրավոր, որոնցից միայն Հասմիկ Հովհաննիսյանն է գտնվում Վերակենդանացման բաժանմունքում՝ 35 տոկոս այրվածքներով: Շարունակում է ծանր մնալ  14-ամյա Էդմոն Սիմոնյանի վիճակը, ով բազում կոտրվածքներ ունի եւ այսօր բժիշկները կորոշեն՝ վիրահատությունը Գյումրիում անել,թե տեղափոխել Երեւան:

Արմեն Իսահակյանն ասաց, որ վիրավորները հիմնականում ունեն կոտրվածքներ, այրվածքներ: Տուժածներից Զարուհի Հովհաննիսյանն ու Էդմոն Սիմոնյանը մայր ու որդի են:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ ։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է։

Լուսանկարները՝ asparez.am-ի