Երեւան Գյումրիի ճանապարհին՝ Հոռոմ գյուղի խաչմերուկում, որտեղ երեկ տեղի է ունեցել ողբերգական վթար, առկա են բոլոր անհրաժեշտ նշանները, արագաչափ սարքերը, սակայն չկան տեսախցիկներ, որոնք անհրաժեշտ էլ չեն այդ հատվածում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ղեկավար Սուրեն Խուդոյանը, ով անմիջապես մեկնել եւ մինչեւ ուշ երեկո գտնվել է դեպքի վայրում:

Ուսումնասիրելով տեղանքը, տեսնելով վթարի ենթարկված մեքենաները՝ Սուրեն Խուդոյանը եկել է այն համոզման, որ բեռնատար մեքենան երկրորդական ճանապարհից դուրս է եկել Երեւան-Գյումրի միջպետական մայրուղի, չի զիջել ճանապարհը, ինչն էլ հանգեցրել է նման ողբերգական դեպքի: Դատելով հարվածի տեսակից՝   թե «Գազելը», թե բեռնատարը երթեւեկել են բարձր արագությամբ, քանի որ Սուրեն Խուդոյանի փոխանցմամբ, դրանք բախման վայրից ահագին հեռու են կանգնած եղել:

«Բոլոր նշանները կան, տեսախցիկներ չկան, դա անհրաժեշտ պայման էլ չէ, ճանապարհն էլ նորմալ ճանապարահ է, պարբերաբար վերանորոգում են:  Ըստ երեւույթին՝ կամ բեռնատարի վարորդը անուշադիր է եղել, նշաններին չի նայել, տեղանքին անծանոթ է եղել, միանգամից դուրս է եկել մայրուղի, սա անուշադրության, նշանների պահանջը չկատարելու հետեւանքն է»,-ասաց Սուրեն Խուդոյանը: