Միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նոր նախարարությունը էկոնոմիկայի նախարարությանը չի զրկում իր գործառույթներից: Այս մասին նոյեմբերի 11-ին լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա նշել է, որ իր գերատեսչության լիազորությունների միայն 5 – 6%-ն է բաժին ընկնում միջազգային տնտեսական համագործակցությանն ու ինտեգրացիային, այլ ոչ թե  50 – 70%-ը, ինչի մասին ասվում է վերջին ժամանակներս:

«Մեր լիազորություններից է արդյունաբերական քաղաքականությունը, Եվրասիական տնտեսական միությունում մաքսային սակագների քաղաքականությունը: Այս ամենը եղել է եւ կմնա նախարարության պարտականությունը, ինչպես եւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության 22 աշխատանքային խմբերից 6-ի գործունեության համակարգումը»,-  հավելել է նա:

Հիշեցնենք, Կառավարության նոյեմբերի 6-ի նիստում հայտարարվել էր տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների սպասվող միաձուլման, ինչպես նաեւ  միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նոր նախարարության ստեղծման մասին: