Արքայադուստր անունով գերմանական շպիցի տիրուհին պնդում է, որ շունը մարդկանց աչքերի մեջ նայելով՝ կարող է հիպնոսացնել նրանց: Ներկայում կենդանին իր ունակությունները ցուցադրում է բրիտանական համալսարաններում:
Ըստ Mail Online-ի, Արքայադստեր տիրուհի Քրիստինա Լենոնը հավաստում է, որ իր շունն իսկապես ունակ է շրջապատին քնի վիճակի մեջ գցել՝ ընդգծելով, որ նման ունակություն այս կամ այն չափով ունեն բոլոր շները:
Քրիստինայի խոսքով, հանդիսատեսի մեծ մասը չի հավատում փոքրիկ հիպնոսացնողի ուժին, սակայն Արքայադստեր ելույթն անմիջապես ցրում է նրանց կասկածները:
Կենդանու զարմանալի ունակությունների մասին լուրը մեկնաբանել է հոգեբան Սթեն Ռոուլինսոնը. «Չնայած շներն իսկապես կարող են մարդու վրա հանգստացնող ազդեցություն ունենալ, նրանք, իհարկե, չեն կարող հիպնոսացնել մարդկանց: Խնդիրը մարդու մեջ է, ով աշխատում է շան հետ. նա մարդկանց քնի վիճակի մեջ է գցում իր գործողություններով եւ ձայնի հնչերանգով»:




























