Նոյեմբերի 12-ին ԱՄՆ-ն եւ Չինաստանը ն ռազմական կոնֆլիկտները կանխելու մասին մի շարք համաձայնագրեր կստորագրեն: Այսկերպ երկրները փորձում են դուրս գալ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի լարված իրավիճակից, փոխանցում է rbc-ն:
Աղբյուրը նշում է, որ կողմերը երկու համաձայնագիր կստորագրեն: Ըստ դրանց՝ ԱՄՆ-ն եւ Չինաստանը պետք է միմյանց տեղյակ պահեն զորավարժությունների եւ ռազմական խոշոր այլ միջոցառումների մասին: Ձեւավորվելու է նաեւ գործողությունների կարգ՝ ծովում եւ օդում հնարավոր միջադեպերի դեպքում, պատմել է թերթի աղբյուրը:
«Սա կարեւոր է, որպեսզի մենք խուսափենք հնարավոր հակամարտությունների ոչ կանխամտածված սրացումից կամ էլ բախվենք այնպիսի իրավիճակի, երբ պատահական հանգամանքները դառնան հակամարտության սրացման պատճառ», –մեջբերում է թերթը ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսի խոսքերը:
Չինաստանի ՊՆ-ում հայտարարել են, որ ծանուցման մեխանիզմը եւ վարքի կանոնները «զգալի ազդեցություն եւ նշանակություն կունենան՝ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական վստահություն կառուցելու եւ ռազմական նոր մակարդակի հարաբերություններ կառուցելու գործում»:
Հիշեցնենք, ԱՄՆ-ն եւ Չինաստանը ԱԽՏՀ գագաթաժողովի շրջանակներում համաձայնագիր են ստորագրել՝ տեխնոլոգիական մի շարք ապրանքների սակագները նվազեցնելու մասին: Համաձայնագիրը վերաբերում է 1 տրլն դոլար ծավալով առեւտրաշրջանառությանը:




























