Տոկիոյում անհայտ տղամարդն ինքնահրկիզվել է՝ ի նշան երկրի զինված ուժերի գործունեության վրայից սահմանափակումները հանելու որոշման դեմ բողոքի, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի ազգային հանրային հեռուստատեսությունը։
Ինքնասպանի մոտ հայտնաբերվել են տեսագրություն եւ երկրի ռազմական իշխանությունների քաղաքականությունը բացահայտող նամակ: Դրանք հասցեագրված են եղել վարչապետ Սինձո Աբեին եւ խորհրդարանի երկու պալատների նախագահներին: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկները կարողացել են միայն նրա մահը արձանագրել:
Գործակալությունը հիշեցնում է, որ նման միջադեպ Տոկիոյում հունիսին էլ էր տեղի ունեցել: Այն ժամանակ եւս տղամարդն իր վրա վառելիք էր լցրել եւ այրել՝ ճապոնական զորքերը արտասահման ուղարկելու վերաբերյալ իշխանությունների որոշումը դատապարտող երկար ճառից հետո:
Հուլիսին Ճապոնիան վերացրել էր զինված ուժերի գործունեության սահմանափակումները, այդ թվում՝ արտասահմանում նրանց օգտագործելու հնարավորությունների ընդլայնումը: Դա երկրում բողոքի ալիք էր բարձրացրել: Այնուամենայնիվ, կառավարությունը մտադիր է խորհրդարանում հաստատել օրենք, որը կամրապնդի ռազմական քաղաքականության այդ փոփոխությունները:




























