ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը Պեկինում մի շարք համաձայնություններ է կնքել, այդ թվում՝ ջերմոցային գազերի արտանետումների մակարդակի նվազեցման մասին համաձայնություն, հայտնում է Associated Press-ը:
Նոր համաձայնության շրջանակներում Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 2025թ., 2005թ. համեմատությամբ, մտադիր են 26-28%-ով կրճատել ջերմոցային գազերի արտանետումների մակարդակը: Իր հերթին, Չինաստանը, որը շարունակում է իր ածխարդյունաբերության զարգացումը, մտադիր է արտանետումները կրճատել 2030թ.:
Լրատվամիջոցների տվյալներով՝ ջերմոցային գազերի արտանետումների ամենաբարձր մակարդակն ունեն ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան: Այս երկրներին է բաժին ընկնում ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների 63%-ը: Ջերմոցային գազերի թվում են ածխաթթու գազը, մեթանը, ազոտի օքսիդը, որոնցից յուրաքանչյուրը կարող է ջերմությունը պահել մթնոլորտում՝ դրանով իսկ առաջացնելով կլիմայական փոփոխություններ:




























