Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակչուհի, հղիության 5-րդ ամսում հուլիսի 2-ին մահացած 28-ամյա Նարինե Շարոյանի գործով նշանակված առաջին փորձաքննության եզրակացությունն արդեն կա. Նարինեն մահացել է գլխուղեղի եւ թոքերի այտուցից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ նշանակվել է նոր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու բժիշկների գործողությունների համարժեքությունը: Դեռ հայտնի չէ, թե ինչքանով է բժիշկների մեղքը կատարվածում: Նշենք, որ դեռ հուլիսին դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով, այն է՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում:
Հիշեցնենք, որ Նարինեի հունիսի վերջին «Արմավիր» ԲԿ-ից տեղափոխել էին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա հուլիսի 2-ին մահացել էր։ Հղին «Արմավիր» բժշկական կենտրոն տեղափոխվել է թունավորում ախտորոշմամբ, փսխել է, այնուհետեւ ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխվելուց հետո սկսել է արնահոսել, նրան կեսարյան հատում են արել, հեռացրել արգանդը: Երեւանից հրավիրվել են հատուկ մասնագետներ եւ վիրահատությունից հետո Նարինեին տեղափոխել են Երեւան: Նարինեի հարազատների նրա մահվան մեջ մեղադրում են «Արմավիր» բկ-ի բուժանձնակազմին։ 28-ամյա Նարինեն 7 տարեկան երեխա ուներ։




























