Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակչուհի, հուլիսի 2-ին Երեւանի «Արմենիա» ԲԿ-ում մահացած,  հղիության 5-րդ ամսում գտնվող 28-ամյա Նարինե Շարոյանի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն մեղադրյալ դեռ չկա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով, այն է՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Գործով դեռ մեղադրյալներ չկան:

Հիշեցնենք, որ Նարինեի հունիսի վերջին «Արմավիր» ԲԿ-ից տեղափոխել էին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա հուլիսի 2-ին մահացել էր։ Հղին «Արմավիր» բժշկական կենտրոն տեղափոխվել է թունավորում ախտորոշմամբ, փսխել է, այնուհետեւ ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխվելուց հետո սկսել է արնահոսել, նրան կեսարյան հատում են արել, հեռացրել արգանդը: Երեւանից հրավիրվել են հատուկ մասնագետներ եւ վիրահատությունից հետո Նարինեին տեղափոխել են Երեւան: Նարինեի հարազատների նրա մահվան մեջ մեղադրում են «Արմավիր» բկ-ի բուժանձնակազմին։ 28-ամյա Նարինեն 7 տարեկան երեխա ուներ։