Խորհրդարանական ոչ բոլոր եռյակների ու քառյակների համագործակցությունն է տեղի ունենում հօգուտ ժողովրդի: Այս մասին նոյեմբերի 12-ի մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:

Անդրադառնալով խորհրդարանական եռյակի իշխանափոխության կոչերին եւ նրան, թե որքանով է հնարավոր իշխանափոխությունը երկրում, Տաճատ Սարգսյանը հիշեցրել է, որ անկախության տարիներին հայ ժողովուրդն ականատես է դարձել քաղաքական ուժերի տարբեր եռյակների ու քառյակների:

«Ես ցանկանում եմ հարցնել՝ ի՞նչ արդյունքի հանգեցրեց այդ համագործակցությունը՝ լինի դա ՀՀՇ-ի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում: ՀՀ Կոմունիստական կուսակցությունը կաջակցեր այդ կոչերին եւ կմիանար այդ ուժերին, եթե նրանք  որեւէ կերպ նպաստեին սոցիալական հարցերի լուծմանը», - ընդգծել է առաջին քարտուղարը: Տաճատ Սարգսյանի համար անհասկանալի է, թե ինչպես, օրինակ՝ «Ժառանգություն» կուսակցությունը եւ ԲՀԿ-ն , որոնք ունեն տարբեր քաղաքական ուղղություններ, կարող են համագործակցել ինչ-որ հարցում: