Ներկայումս Հայաստանը ապահովում է իր անվտանգությունը, այլ ոչ թե հանդիսանում է անվտանգության սպառող-երկիր: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, Երեւանի պետական համալսարանում «ՆԱՏՕ-ի շաբաթներ» միջոցառման շրջանակներում կազմակերպված հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Նրա խոսքով՝ արդեն 3 տարի է անցել, ինչ նա գտնվում է Հայաստանում: «Երբ ես ժամանեցի Հայաստան, տեսա, թե ինչպիսի սերտ համագործակցություն գոյություն ունի Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ: Մենք աշխատում ենք արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների հետ», - նշեց Հեֆերնը:
Դեսպանն ընդգծեց, որ ՆԱՏՕ-ն շատ բարձր է գնահատում այն ամենը, ինչ անում են խաղարարար առաքելություններին մասնակցող հայ զինծառայողները: «Ինքս զինվորական չեմ, սական բարեփոխումների հետ կապված պետք է ընդգծեմ, որ ՆԱՏՕ-ն մեծ կարեւորություն է տալիս պաշտպանական ռեֆորմներին, թե որքան թափանցիկ է բյուջեն, որքան մարտունակ կլինեն զինծառայողները: Այդ բարեփոխումներից կշահեն բոլորը», - եզրափակեց Ջոն Հեֆերնը:





























