Արգենտինայում ֆինանսական գործունեությունը կաթվածահար է եղել բանկային աշխատողների երկօրյա գործադուլի պատճառով: Բողոքի ցույցին միացել են Բուենոս-Այրես նահանգի ուսուցիչները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք այդ միջոցներին դիմեցինք, քանի որ մի կողմից նվազել է մեր աշխատավարձերի սպառողական հնարավորությունը, մյուս կողմից՝ ավելացել է աշխատավարձից հարկային գանձումը, եւ երրորդ՝ երկրում ինֆլյացիոն գործընթացներ են տեղի ունենում», - մեջբերում է գործակալությունը Արգենտինայի բանկային աշխատողների արհմիության գլխավոր քարտուղար Սերխիո Պալացոյի խոսքերը:
Աղբյուրը նշում է, որ բանկային աշխատողների գործադուլը համընկել է Բուենոս-Այրես նահանգի ուսուցիչների ցույցին, որոնք նույնպես հրաժարվել են աշխատել երկու օր: Նրանք իշխանություններից պահանջում են վճարել միանվագ նպաստները՝ կապված ինֆլյացիայի հետ, որն ըստ պաշտոնական վիճակագրության, գերազանցում է տարեկան 20%-ը, իսկ մասնավոր խորհրդատվական կառույցների կարծիքով հասնում է 30%-ի:





























