Ադրբեջանում քիչ չեն զինվորականներն ու քաղաքական գործիչները, որոնք փորձում են նախագահ Իլհամ Ալիեւին դրդել ուժային տարբերակի: Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ մեջբերելով Հարավային Կովկասի խնդիրներով մասնագիտացած եվրոպացի բարձրաստիճան դիվանագետի տեսակետը, որի անունը թերթը չի հայտնում:
Մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում ուղղաթիռի խոցման միջադեպը՝ թերթի զրուցակիցը նշել է. «Ադրբեջանում քիչ չեն զինվորականներն ու քաղաքական գործիչները, որոնք փորձում են նախագահ Իլհամ Ալիեւին դրդել ուժային տարբերակի: Նրանք հուսով են, որ միլիարդավոր նավթադոլարները, որոնք Բաքուն ուղղում է զինված ուժերի ամրապնդմանը, թույլ են տվել փոխել ուժերի հավասարակշռությունը, եւ կարելի է ռեւանշ ակնկալել 1990-ականներին պատերազմում պարտությունից հետո»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում թերթը:
Ըստ նրա՝ եթե մարտական գործողությունները վերսկսվեն, դրանք ավելի ավերիչ կլինեն տարածաշրջանի համար, այդ թվում նաեւ՝ Ադրբեջանի նավթային արդյունաբերության: «Սակայն արդյունքում, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի ռազմական նպատակներին հասնել: Արդյունքը կարող է դառնալ Ադրբեջանում իրավիճակի ապակայունացումը: Ինձ թվում է, որ Իլհամ Ալիեւը դա հասկանում է եւ հնարավորություն կգտնի թոթափել լարվածությունը՝ թույլ չտալով, որպեսզի շփման գոտում միջադեպերը պատերազմի հանգեցնեն»:
Հիշեցնենք, ԵՄ-ն կոչ է արել հետաքննել ԼՂ-ում ուղղաթիռի հետ կապված միջադեպը:
Նոյեմբերի 12-ին՝ մոտավորապես ժ. 13:45-ին, ԼՂՀ եւ ԱՀ-ի շփման գոտու արեւելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ուսումնական թռիչքի ժամանակ խոցվել է ԼՂՀ ՌՕՈՒ-ի Մի–24 ուղղաթիռը, զոհվել են երեք օդաչուները: Ուղղաթիռի հրամանատարն է եղել Սերգեյ Սահակյանը:





























