ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ ռազմական ուղղաթիռը խոցելու միջադեպի կապակցությամբ, հայտնում է Radio Free Europe-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին նշել է, որ ուղղաթիռի հետ կապված միջադեպը հերթական անգամ «հիշեցնում է տարածաշրջանում լարվածությունը մեղմելու եւ հրադադարի ռեժիմին հետեւելու անհրաժեշտության մասին»:
Պսակին նաեւ հայտարարել է, որ հիմնախնդիրը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:
Հիշեցնենք, ԵՄ-ն իր հերթին կոչ էր արել հետաքննել ԼՂ-ում ուղղաթիռի հետ կապված միջադեպը:
Նոյեմբերի 12-ին ժ. 13:45-ի սահմաններում ԼՂՀ եւ ԱՀ շփման գծի արեւելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ուսումնական թռիչքի ժամանակ խոցվել է ԼՂՀ ՌՕՈՒ-ի Մի–24 ուղղաթիռը, զոհվել են երեք օդաչուները: Ուղղաթիռի հրամանատարն է եղել Սերգեյ Սահակյանը:





























