Հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին, ինչը առայժմ հնարավորություն չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 200 անգամ` ողջ գիշեր չդադարեցնելով կրակը:

Միաժամանակ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը լրացուցիչ ապացուցում է, Ադրբեջանի պաշտպանության նախարարության` մինչ այդ տարածած հաղորդագրության հերյուրանք լինելը: Տեսանյութը եւս մեկ անգամ փաստացի ապացուցում է, որ ԼՂՀ ՌՕՈւ ին պատկանող ուղղաթիռները չեն խախտել սահմանը եւ որեւէ դիրքի վրա չեն գրոհում:

Ըստ կարգի` գրոհող կամ անգամ գրոհից հետո հետ վերադարձող ուղղաթիռները օգտագործում են թռիչքային այլ մարտավարություն եւ տեխնիկական այլ միջոցներ.,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղաադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: