Բռնությունը Ադրբեջանի գործելաոճն է, որն արդեն մեծաթիվ կյանքեր է խլել եւ սպառնում է տարածաշրջանը ներգրավել նոր պատերազմում: Այս մասին հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից ԼՂՀ ՌՕՈՒ ուղղաթիռի խոցման հետ կապված: Միջադեպը ԱՄՆ-ի հայ համայնքին դրդել է դիմել ամերիկացի սենատորներին եւ կոնգրեսականներին՝ Ադրբեջանի բռնության գործողությունները դատապարտելու կոչով:

«Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն ԼՂՀ տարածքում ոչնչացրել է ռազմական ուղղաթիռ:  Այս բռնարարքը Իլհամ Ալիեւի  ագրեսիայի հերթական դրսեւորումն է Հայաստանի եւ ԼՂՀ-ի նկատմամբ: Բռնությունը գործելաոճ է, որն արդեն խլել է  մեծ թվով կյանքեր եւ սպառնում է տարածաշրջանը ներքաշել նոր պատերազմում», – նշել է Համբարյանը:

«ԱՄՆ-ն պետք է դատապարտի այդ հանցագործությունը, դադարեցնի ռազմական օգնության տրամադրումը  եւ սահմանափակի երկկողմ հարաբերությունների ձեւաչափն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել ուժ կիրառել հայ ժողովրդի նկատմամբ: Ավելին, ԱՄՆ-ն պետք է դադարի Հայաստանի եւ Ադրբեջանի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ հավասարության նշան դնելը՝ ելնելով ձախողված մտադրություններից: Ղարաբաղը ժողովրդավար պետություն է, որը խաղաղություն կոչով ձեռք է մեկնում, իսկ Ադրբեջանը բռնապետական  երկիր է, որը բռունցք է թափահարում:   ԱՄն-ն պետք է կանգնի խաղաղության եւ ժողովրդավարության կողմը», – հավելել է ԱՄՆ-ում հայկական կազմակերպության ղեկավարը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղաադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: