ՌԴ Կրասնոդարի երկրամասում ձերբակալվել է Պավել Աղաբաբյանը՝ Մինվոդիի հիվանդանոցի զանգվածային կռվի գործով գլխավոր դերակատարներից մեկը, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տարածաշրջանի քննչական վարչությունը:
«Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքում իրավապահները ձերբակալել եւ նախաքննության անցկացման վայր են տեղափոխել 21-ամյա Աղաբաբյանին, որը գործուն մասնակցություն է ունեցել հիվանդանոցում Անատոլի Լարիոնովին մահացու ծեծի ենթարկելու գործում», - ասված է հաղորդագրությունում:
Աղաբաբյանին արդեն մեղադրանք ներկայացրել են «Սպանություն» եւ «Խուլիգանություն» հոդվածներով: Դատարան միջնորդություն է ուղարկվել՝ կալանքի տեսքով խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Ըստ աղբյուրի՝ հաստատվել են Մինվոդիի սրճարանում եւ հիվանդանոցում կռվի բոլոր 33 մասնակիցները, նրանցից 27-ը ձերբակավել են, 26—ը՝ կալանավորվել: Հետախուզման մեջ են վեց կասկածյալներ:
Հիշեցնենք, սեպտեմբերի 21-ին Մինվոդիի հիվանդանոցի ընդունարանում զանգվածային կռիվ էր տեղի ունեցել. 36 մարդ ներխուժել էր հիվանդանոց եւ ծեծել այնտեղ նստած տղամարդուն՝ 31-ամյա Անատոլի Լարիոնովին: Ավելի ուշ վերջինս վախճանվել էր Պյատիգորսկի հիվանդանոցում:




























