Երեկվա միջադեպի մասին լռելը հավասարազոր է հանցագործության: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, խորհրդարանում լրագրողներին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով մեկ օր առաջ ադրբեջանական ուժերի կողմից խոցված Լեռնային Ղարաբաղի օդուժի ուղղաթիռի միջադեպը:

Շարմազանովը նշեց, որ միջազգային կառույցների հայտարարությունները չպետք է լինեն ընդհանուր եւ անհասցե: Միջադեպի մեղավորները պետք է հստակ նշվեն, այդ թվում՝ բանակցություններում միջնորդական մանդատ ունեցող ԵԱՀԿ Միսնկի խումբը: «Ադրբեջանական կողմի՝ ոչ մեկ անգամ կրկնվող պահվածքը կարող է պայմանավորված լինել հենց նմանատիպ լռությամբ. ադրբեջանում դիվանագիտության բոլոր հնարավոր խախտումների, այնտեղ սուլթանության հաստատման, հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների նկատմամբ լռությամբ: Եվ վերջապես նրանով, որ Բաքվի «խավիարային դիվանագիտությանը» հասցեատերերը կարծում են, որ այս ամենը շատ  հեռու է եւ Եվրոպայի վրա չի անդրադառնա», - նշեց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ երեկ՝ նոյեմբերի 12-ին,  ղարաբաղաադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: