Այսօր Գյումրիում ինքնահրկիզման փորձ կատարած 36-ամյա Արտակ Հովսեփյանը հոգեկան խնդիրներ է ունեցել։ NEWS.am-ի տեղեկություններով՝ հերթական ընտանեկան վիճաբանության ժամանակ Արտակ Հովսեփյանը կնոջը սպառնացել է «ի՞նչ է, ուզում ես, վրես բենզին լցնեմ, վառե՞մ»։
Կնոջ հետ վիճել են բանկից տոկոսով գումար վերցնելու հետ կապված, ինչից հետո Արտակ Հովսեփյանն իրականացրել է ինքնահրկիզման սպառնալիքը։
NEWS.am-ի հետ զրույցում Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը ասաց, որ տուժածի վիճակը ծանր է, նրան պատրաստվում են տեղափոխել Երեւանի այրվածքաբանական կենտրոն։
«Մարմնի մոտավորապես 80-85%-ն այրված է, բացի մեջքից եւ նստատեղից։ Ինքնահրկիզվել է իր վրա բենզին լցնելու միջոցով։ Այրվածքները կյանքի հետ անհամատեղելի է, հիվանդն այժմ անգիտակից վիճակում է գտնվում»,- ասաց Արմեն Իսահակյանը։
Հիշեցնենք, որ փրկարար ծառայությունը նոյեմբերի 13-ին, ժամը 13.04-ին տեղեկատվություն է ստացել, որ ժամը 12.50-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գործարանային փողոցի թիվ 18 տան բնակչը է հրկիզել է իրեն: Պարզվել է, որ թիվ 18 տան բակում ինքնահրկիզվածը 1978թ. ծնված Արտակ Հովսեփյանն է։




























