Ժամանակակից թուրքական պետությունն ուղղակիորեն առաջացել է 1915-1916թ.թ. Հայոց ցեղասպանության հետեւանքով: Այս մասին ֆրանսիական «Le Monde» պարբերականին տված հայցազրույցում հայտարարել է Յեյլի համալսարանի պրոֆեսոր Ջեյ Ուինթերը, ով Առաջին համաշխարհային պատերազմի պատմության մասնագետ է:

Նա մի քանի տեղեկատուի հեղինակ է, այդ թվում՝ «Առաջին աշխարհամարտի Քեմբրիջյան պատմությունը» գրքի: Այն առաջին գիրքն է, որը համակողմանի լուսաբանել է այդ պատմությունը, որին 2014 թվականի նոյեմբերին հետեւել են նաեւ 2-րդ եւ 3-րդ հատորները:

«Պատերազմի ավարտին Թուրքիան հայտնվեց պարտվածների ճամբարում: Սեւրի պայմանագրի պայմանները խիստ էին: Այն Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Հունաստանի «կառավարմանն» էր հանձնում եվրոպական Թուրքիայի եւ Անատոլայի որոշ հատվածները: Չորս տարի շարունակ Մուսթաֆա Քեմալը կամ Աթաթուրքը («թուրքերի հայրը») ձգտում էր հավաքել օսմանյան բանակի մնացորդները եւ կարողացավ այն բավական հզոր զինուժ դարձնել, որպեսզի վտարի դաշնակիցների զորքերին»,- ասել է պրոֆեսորը:

Նրա խոսքով, Լոզանի պայմանագիրը, որը 1923 թվականին կնքվեց որպես Սեւրի պայմանագրին (1920թ.) փոխարինող փաստաթուղթ, հաշվի առավ տեղերում նոր իրադրությունը եւ ուղղակի բանակցություններից հետո Թուրքիան եւ Հունաստանին լիազորեց «բնակչության փոխանակում» կատարել, ինչի արդյունքում մի քանի միլիոն հույներ Անատոլիայից փոխադրվեցին Հունաստան եւ Բուլղարիա, իսկ Բալկաններից մի քանի միլիոն մահմեդականներ ուղեւորվեցին նոր Թուրքական հանրապետություն:

«Էթնիկ մաքրումներն օրինականացվեցին միջազգային իրավունքով: Թուրքական նոր պետությունը դարձավ էթնիկապես ավելի միասնական եւ ավելի պակաս բաժանված հունական եւ հայկական փոքրամասնությունների միջեւ, քան Օսմանյան կայսրության ժամանակ էր: Ժամանակակից թուրքական պետությունն ուղղակիորեն առաջացավ 1915-1916թ.թ. Հայոց ցեղասպանության հետեւանքով եւ Աթաթուրքի հրամանատարությամբ թուրքական բանակի հետպատերազմյան հաղթանակների արդյունքում: Օսմանյան կայսրության անկումը ծնեց Թուրքական հանրապետությունը: Այդ պատճառով պարզ է, որ 1920 թվականի Սեւրի պայմանագիրն ավարտվեց անհաջողությամբ»,- նշել է Ջեյ Ուինթերը: