«Ռոք-ն-ռոլի արքա» Էլվիս Փրեսլիի՝ 1953 թ. ամռանն արված երաժշտական առաջին ձայնագրությունը եւ առաջին վարորդական իրավունքի վկայականն աճուրդի է հանվել ԱՄՆ-ում, հինգշաբթի հայտնել են երաժշտի ժառանգությունը տնօրինող հիմնադրամի ներկայացուցիչները: 

Աճուրդը տեղի կունենա այն օրը երաժշտի 80-ամյակի օրը՝ 2015 թ. հունվարի 8-ին:

1953 թ. հունիսին 18-ամյա Փրեսլին գնացել էր Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքի Sun Studios ձայնագրման ստուդիա, վճարել չորս դոլար եւ երկու երգ ձայնագրել՝ «My Happiness» եւ «That's When Your Heartaches Begin»: Ասում են՝ պատանին ցանկացել էր այս ձայնագրությունը նվիրել մորը: Սակայն նրանք տանը  նվագարկիչ չեն ունեցել, եւ Փրեսլին  ձայներիզը տարել է լսելու ընկերոջ մոտ:  Այնտեղ էլ թողել է այն, եւ մայրն այդպես էլ ձայնագրությունը չի ստացել:

«Էլվիսի ձայնագրություններն առաջին անգամ են աճուրդի հանվում», - նշել են աճուրդի կազմակերպիչները:

Աճուրդը տեղի կունենա Մեմֆիսում՝ երաժշտի «Գրեյսլենդ» առանձնատանը, որն այժմ թանգարան է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Աճուրդի կհանվի 68 առարկա՝ կապված Փրելսիի անվան հետ, այդ թվում նաեւ նրա վարորդական իրավունքի առաջին վկայականը: