Ֆինլանդիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արտակ Ապիտոնյանը (նստավայրը` Ստոկհոլմ) նոյեմբերի 13-ին իր հավատարմագրերը հանձնեց Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Վյայնյամյո Նիինիստյոյին։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Ապիտոնյանն առանձնազրույց ունեցավ նախագահ Նիինիստյոյի հետ: Շնորհավորելով դեսպանին՝ Ֆինլանդիայի նախագահը համոզմունք հայտնեց, որ առկա են բոլոր նախադրյալները երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ բարեկամության հետագա զարգացման եւ ամրապնդման համար։

Դեսպան Ապիտոնյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ինքը, որպես ՀՀ դեսպան, ջանք չի խնայի երկու երկրների միջեւ բազմաոլորտ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման համար։

Դեսպանը նախագահ Նիինիստյոյին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ արձանագրված վերջին զարգացումները, մասնավորապես շփման գծում Ադրբեջանի կողմից իրականացված վերջին սադրիչ գործողությունը: Դեսպանն ընդգծեց, որ նման արկածախնդրությամբ Ադրբեջանը վտանգում է հարաբերական կայությունը տարածաշրջանում եւ բանակցային գործընթացում արձանագրված առաջընթացը, ինչպես նաեւ կոպտորեն ոտնահարում է միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորությունները հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։

Նախագահ Նիինիստյոն իր մտահոգությունը հայտնեց տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ` ընդգծելով, որ Ֆինլանդիան սատարում է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։

Անդրադարձ կատարվեց հայ-ֆիննական հարաբերություններին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի։