Իսպանիան կարող է Պաղեստինի ինքնավարությունը ճանաչել որպես պետություն: Այս մասին հաղորդում է El Pais-ը՝ վկայակոչելով թագավորություն ԱԳ նախարար Խոսե Մանուել Գարսիա Մարգալյոյին:
Նախարարը, հանդես գալով երկրի խորհրդարանում, նշել է, որ Պաղեստինը ճանաչելու որոշումը կլինի այն բանից հետո, երբ Մադրիդը կհամոզվի, որ դա նպաստելու է Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ քաղաքական երկխոսությանը, կամ երբ հասկանա, որբանակցություններում առաջընթաց չկա: Միաժամանակ Գարսիա Մարգալյոն ընդգծել է, որ Պաղեստինի անկախության ճանաչումը չպետք է լինի զուտ խորհրդանշական ակտ, այլ նպատակ ունենա նպաստել Մերձավոր Արեւելքում խաղաղ կարգավորմանը, հաղորդում է Lenta-ն:
Իսպանիայի ԱԳ նախարարը նաեւ կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն պետք Պաղեստինի անկախությունը ճանաչի համակարգված ձեւով: Դրա համար, ըստ նրա, պետք է մի շարք հարցեր համաձայնեցվեն Իսրայելի հետ, ներառյալ սահմանների որոշումն ու Երուսաղեմի կարգավիճակը:
Նոյեմբերի 13-ին հայտնի է դարձել, որ Իսպանիայի խորհրդարանը մտադիր է հաջորդ շաբաթ խորհրդանշական քվեարկություն անցկացնել Պաղեստինի ճանաչման հարցով: Պատգամավորները կարծում են, որ նման քայլը աջակցություն կլինի ԵՄ դիրքորոշմանը եւ կնպաստի իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Պաղեստինի անկախությունը ճանաչել է Շվեդիան, որը դարձել է ԵՄ անդամ առաջին երկիրը, որ նման քայլի է գնացել:




























