Ադրբեջանի կողմից Արցախում ուղղաթիռի խոցումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի հրավեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական Վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 12-ին, շփման գծում Ադրբեջանի կողմից հայկական ռազմական ուղղաթիռը խոցելու փաստին:

«Այն, որ մեր Զինված Ուժերը պատշաճ պատասխան են տալու, երկու կարծիք լինել չի կարող։ Բայց, այստեղ կարեւոր է հարցի քաղաքական բովանդակությունը: ՍԴՀԿ–ն վստահ է, որ նմանատիպ սադրանքից հետո բանակցային գործընթացում պաշտոնական Երեւանի մասնակցությունը վայրկյան առաջ պետք է առկախվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ գործընթացին լիիրավ մասնակից չի դառնա ԼՂՀ օրինական իշխանությունը: Ալիեւի հետ որեւիցե բանակցություն այս հանցագործությունից հետո ուղղակի անիմաստ է:

ՍԴՀԿ–ն ցավակցում է զոհված օդաչուների ընտանիքներին եւ հույս հայտնում, որ նրանց մահն անպատասխան չի մնա»,-ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 12-ին,  ղարաբաղաադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ եւ թույլ չի տալիս Ղարաբաղի կողմի ներկայացուցիչներին մոտենալ խոցված ուղղաթիռին: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է:

Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ հնարավոր է անձնակազմի անդաներից մեկը ողջ լինի:

Միջադեպն արդեն դատապարտել են ԵԱՀԿ Մինսկի խումբը, Հայաստանի ԱԳՆ-ն, ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները:

Ղարաբաղյան կողմը դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ խնդրելով աջակցել ուղղաթիռի անձնակազմի անդամների ճակատագիրը պարզելու հարցում: