Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող  քաղաքացիական հինգ անձանց:

Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ԿԽՄԿ երեւանյան պատվիրակությունից:

Այցը կայացել է նոյեմբերի 12-ին, դրա ընթացքում նամակների փոխանակում է իրականացվել:

Ադրբեջանում պահվող   ՀՀ քաղաքացիները՝ Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները մեկ ընտանիքի անդամներ են:

Եղիշե Գեւորգյանը փախել է արդարադատությունից՝  քողարկվելով սեփական երեխաներով: 2010թ. հունվարի 10-ին՝ մոտավորապես ժամը 19-ին, հայ-ադրբեջանական սահմանի Երասխ-Նախիջեւան ճանապարհահատվածում Գեւորգյանը կնոջ եւ երեխաների հետ (այն ժամանակ 7,6 եւ 3 տարեկան) հատել էր սահմանը «Երազ» մեքենայով: Հայկական կողմից, հաշվի առնելով մեքենայում երեք անչափահաս երեխաների առկայությունը, հրաձգություն չի իրականացվել:  Սակայն ադրբեջանական կողմից կրակել են մեքենայի ուղղությամբ:

1958թ. ծնված Եղիշե Գեւորգյանը 8 անգամ դատապարտվել է կողոպուտի եւ այլ հանցագործությունների համար: