Ադրբեջանական կողմին պատասխանը կարող է լինել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, հայտարարեց նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նրա խոսքով՝ մեր օդաչուների կյանքը քաղաքական տեսակետից շատ թանկ կնստի Ադրբեջանի վրա: «Ամբողջ ընթացքում լուրջ լարվածություն կլինի: Մենք պետք է շատ զգույշ լինենք. երբեք պետք չէ հույսը դնել ադրբեջանական կողմի մարդասիրության վրա», ընդգծեց Արշակյանը: Ինչ վերաբերում է միջադեպի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքին, Արշակյանն ասաց. «ԵԱՀԿ Մինսկի խումբը ես համարում եմ հայամետ կառույց: Կարծում եմ, որ տեղ գտած հայտարարությունները խիստ էին եւ զսպող: Մենք հաղթանակել ենք, եւ Ադրբեջանին արգելում են պատերազմել հաղթանակած Հայաստանի դեմ: Արշակյանը հավելեց, որ գործ ունենք միջազգային պարտավորությունները չհարգող հակառակորդի հետ»:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: