Եկել է ժամանակը, որպեսզի եւ նախագահը, եւ Կոնգրեսը այնպես անեն, որ Ադրբեջանը կրկին պատասխանատվության ենթարկվի բռնության գործողությունների համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ԼՂՀ ուղղաթիռի կործանման կապակցությամբ:
«Ես վրդովված եւ վշտացած եմ ուսումնավարժական թռիչք իրականացնող ղարաբաղյան ուղղաթիռի վրա կատարված հարձակումից: Սա Ադրբեջանի կառավարության հերթական ագրեսիան է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանդեպ, ինչպես նաեւ նրա բռնությունների սրացման դրսեւորում, որոնք շարունակում են ապակայունացնել տարածաշրջանը: Կասկածից վեր է, որ նախագահ Օբաման պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի հետ պահի Ադրբեջանին նման ագրեսիայի դրսեւորումից եւ ցույց տա մեր հակվածությունը խաղաղությանը եւ կայունությանը»,- նշել է կոնգրեսականը:
«Ես նախագահ Օբամային կոչ եմ անում պաշտոնապես դատապարտել այս մահաբեր հարձակումը: Ես նաեւ կոչ եմ անում դադարեցնել ցանկացած ռազմական օգնություն Ադրբեջանին եւ ուժեղացնել Ազատության աջակցության մասին օրենքի 907 բաժինը, որը սահմանափակում է օգնությունն Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի նկատմամբ նրա ագրեսիայի հիմքով: Եկել է ժամանակը, որպեսզի նախագահը եւ Կոնգրեսն այնպես անեն, որպեսզի ԱՄՆ օրենքն Ադրբեջանին դարձյալ պատասխանատվության ենթարկի իր բռնության գործողությունների համար», – հավելել է Ֆրենկ Փալոնեն:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Ավելին, ադրբեջանական կողմը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ ղարաբաղյան կողմին թույլ չտալով մոտենալ:




























