ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 28-ին միաձայն հռչակագիր է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութ քաղաքի հետ բարեկամական կապեր հաստատելու մասին։
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հռչակագրում նշվում է, որ Հադրութի եւ Արցախի Հանրապետության ժողովուրդը հաստատակամություն եւ տոկունություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների եւ հսկայական դժվարությունների հանդեպ։
Բըրբանքի քաղաքային խորհուրդը ընդգծում է, որ արդեն քսան տարուց ավելի ԼՂՀ-ն ելնելով իր քաղաքացիների շահերից անկախ պետություն է եւ ջանքեր է գործադրում կովկասյան տարածաշրջանի զարգացման եւ այնտեղ կայունության հաստատման համար, ինչպես նաեւ անցկացնում է ազատ, արդար ընտրություններ եւ հանրաքվեներ, որոնք օրինակելի են ճանաչված տարածաշրջանի համար։




























