Մաքսային միության ողջ տարածքում «ցածր խեժի պարունակությամբ», «lights», «Super lights», «Extra» եւ «Ultra» նշումները կանհետանան սիգարետների տուփի վրայից: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը համաձայնեցրել է ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնադրությունը, հայտնում է ՌԴ գյուղնախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Փաստաթղթի ներքո պաշտոնական ստորագրություններ առայժմ դրված չեն: Ռուսաստանի կողմից տեխնիկական կանոնադրությունը պետք է հաստատի փոխվարչապետ Իգոր Շուվալովը:
Տեխնիկական կանոնադրությունը պահանջում է տուփին պարտադիր նշել ծխախոտային արտադրանքում քաղցկեղածին եւ մուտագեն նյութերի պարունակության մասին: Տեղեկությունը չպետք է պարունակի որեւէ տերմին, բնութագիր կամ նշան, որոնք կեղծ տպավորություն կստեղծեն, թե տվյալ ծխախոտային արտադրանքը մյուսներից նվազ վնասակար է:
Այսկերպ, տեխնիկական նոր կանոնադրությունը համապատասխանեցվում է ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի կոնվենցիային, որը պահանջում է հրաժարվել տուփերի վրայի «թեթեւ» եւ այլն նշումներից, որոնք կարող են մոլորեցնել սպառողին:
ՄՄ կանոնակարգը թույլ չի տալիս տուփի վրա նշել խեժի, նիկոտինի եւ ածխածնի մենօքսիդի քանակական ցուցանիշները, ինչպես նաեւ այն տեղեկությունը, որ տվյալ ծխախոտի օգտագործումը նվազեցնում է հիվանդության առաջացման վտանգը: Բացի դրանից, ծխախոտի իրացման դեպքում չի թույլատրվելու նաեւ գովազդային ներդիր-թերթիկների օգտագործումը:
Ծխախոտի օգտագործման վտանգի վերաբերյալ «ահաբեկող նկարների» չափը մեծացվելու է եւ փոփոխվելու: Նման նախազգուշացումները պետք է զբաղեցնեն տուփի առնվազն 50% մակերեսը: Այժմ ՌԴ օրենսդրությամբ ամրագրված է, որ նախազգուշական գրառումները եւ պատկերները զբաղեցնում են տուփի դիմացի առնվազն 30%-ը եւ հետնամասի 50%-ը: Ընդ որում՝ դրանք արվում են ծխախոտի տուփի ստորին հատվածում:




























