Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանից Վրաստան արտահանման հարցերը դեռեւս պարզ չեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց «Օվալ պլաստիկ» ՓԲԸ կոմերցիոն փոխտնօրեն Կարեն Իվանովը:

Ընկերությունը Վրաստան է արտահանում պլաստիկե տարաներ, այդ թվում՝ սնունդ արտադրող տեղական ընկերությունների համար, եւ փոքր պատվերների հատվածում հաջողությամբ մրցակցում է թուրքական ընկերությունների հետ:

«Մեզ համար դյուրին է հայ գործընկերների հետ աշխատելը, քանի որ թուրքական ընկերությունները հետաքրքրված են խոշոր պատվերներով»,- մեզ հետ զրույցում նշեց վրացական կաթնամթերք արտադրող փոքր ձեռնարկության ղեկավար Կոնստանտինե Շարվաշիձեն: «Մեզ նման փոքր ընկերություններին նրանք ուշադրություն չեն դարձնում: Հայաստանի հետ նման խնդիրներ չկան»,- նշեց նա:

Միաժամանակ, Իվանովը հավելեց, որ պետական մարմինները դեռեւս չեն հստակեցրել, արդյո՞ք Վրաստանի հետ ազատ առեւտրի ռեժիմը կպահպանվի, եւ արդյո՞ք Թբիլիսին կփոխի իրենց արտադրանքի մաքսատուրքը: Նման տեղեկություններ չի տրամադրում նաեւ վրացական կողմը:

Նշենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը նոյեմբերի 14-ին ԵՏՄ-ին հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել: Խորհրդարանն այն քննարկելու է նոյեմբերի 17-ին մեկնարկող արտահերթ նստաշրջանում: