Երեւան-Գյումրիի ճանապարհին ողբերգական վթարի հետեւանքով տուժածներից միայն Զարուհի Հովհաննիսյանն է գտնվում Գյումրիի հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսհակյանը:

Նա նշեց, որ վերջինիս մյուս շաբաթվա ընթացքում կվիրահատեն: Մյուս տուժողը՝ Կարեն Բաղդասարյանը, որը եւս գտնվում էր Գյումրիի  հիվանդանոցում, արդեն դուրս է գրվել:

Վթարից տուժածներից Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է գտնվում 14-ամյա Էդմոն Սիմոնյանը, նրան վիրահատել են: Նա Զարուհի Հովհաննիսյանի որդին է:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է: