Ադրբեջանական ԶՈՒ-ն չի պահպանում միջազգային իրավունքի նորմերը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ԶՈւ-ի կողմից խոցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդուժի ուղղաթիռի միջադեպին:
Նրա խոսքով՝ պատահեց այն, ինչ պետք է պատահեր: «Ադրբեջանը անընդհատ լարվածություն է ստեղծում: Զինավարժությունների ժամանակ զինվորականները առանց հրամանի կրակելու իրավունք չունեն: Սա վկայում է այն մասին, որ ուղղաթիռը խոցելու հրամանը տրվել է ադրբեջանական ղեկավարության կողմից», - նշեց Արկադի Տեր-Թադեւոսյանը: Նա ընդգծել է, որ ռազմական հանցագործություն է կատարվել, եւ անհրաժեշտ է հետաքննություն իրականացնել:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը:




























