Փաստերի ամբողջական եւ բացահայտ ճանաչումը Թուրքիայի եւ Հայաստանի շահերից է բխում: Այդ մասին «Hürriyet Daily News» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Բասը՝ ի պատասխան հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն պատրաստվո՞ւմ է 1915թ. Հայկական ջարդերը ճանաչել՝ որպես ցեղասպանություն:
«Այսօր ես միայն կարող եմ ասել, որ մենք բավականին հստակ 1915թ. սկսված սարսափելի ողբերգության ժամանակ տեղի ունեցած հանգամանքների եւ իրադարձությունների շուրջ մեր հայացքները արտահայտել ենք, ինչին դուք ականատես եք եղել անցած եւ նախորդող տարիներին հնչած հայերի հիշատակի օրվա հայտարարություններում: Մենք նախկինի պես կարծում ենք, որ այդ սարսափելի իրադարձությունների եւ զանգվածային սպանությունների շարքի ու ողբերգության հետեւում թաքնված փաստերի բացահայտ ճանաչումը Թուրքիայի եւ Հայաստանի եւ վերջիվերջո մեր եւ Թուրքիայի ընդհանուր շահերից է բխում», - նշել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը:




























