Ադրբեջանը իր քայլով հստակ ցույց տվեց, որ մշտապես ցանկանում է հայկական կողմերին լարվածության մեջ պահել: Այս մասին նոյեմբերի 15-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար  Վաղարշակ Հարությունյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական ուժերի կողմից ԼՂՀ ՌՕՈՒ օդանավի խոցման միջադեպը:

Ըստ նրա՝ խոսքը Ադրբեջանի կողմից  Զինադադարի պայմանագիրը կոպտորեն խախտելու մասին է: Անկախ նրանից՝ որտեղով էր թռչում ուղղաթիռը, շփման գծին մոտ, թե հեռու, այն իր տարածքում էր: Ապացուցված է, որ ուղղաթիռն ադրբեջանական տարածք չի մտել»,- ընդգծել է Վաղարշակ Հարությունյանը:

Բացի այդ, հավելել է նա, ուղղաթիռը զինված չի եղել, եւ ադրբեջանական կողմը որեւէ հիմք ունենալ չի կարող: «Եթե դիտարկենք միջազգային կառույցների արձագանքը, ակնհայտ է, որ նրանք մեղադրում են Ադրբեջանին: Միջազգային հանրությունը հստակ պատկերացնում է, թե ինչ է կատարվել եւ ով է մեղավորը»,- նշել է նախկին նախարարը՝ հավելելով, սակայն, որ քանզի այդ կառույցները միջազգային առաքելություն են կատարում, հանդես  են գալիս նման հայտարարություններով: