Տարածաշրջանում խաղաղության հաստատման համար Ադրբեջանը պետք է հանդես գա որպես խաղաղություն ցանկացող հավասար գործընկեր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օրենսդիր ժողովի անդամ Ադրին Նազարյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական ուժերի կողմից ԼՂՀ ՌՕՈՒ օդանավի խոցման միջադեպը:
NEWS.am-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Կալիֆոռնիա նահանգի պաշտոնատար անձինք շարունակում են միջադեպը դատապարտող հայտարարություններով հանդես գալ: Կալիֆոռնիա նահանգի Օրենսդիր ժողովի անդամ Մարկ Լեւինը, մասնավորապես, հայտարարել է. «Եթե պարզվի, որ դա ճիշտ է, ապա ոչ մի բանով չհրահրված գրոհը կարող է ապակայունացնել առանց այդ էլ անկայուն վիճակը»:
Մեկ այլ անդամ Ադրին Նազարյանը ասել է. «Իմ մտքերն ու աղոթքները մայոր Սերգեյ Սահակյանի եւ ԼՂ ՌՕՈՒ-ի մյուս երկու զինծառայողների ընտանիքների հետ:
Ադրբեջանի ԶՈՒ կողմից անբարեխղճություն էր անզեն ուղղաթիռը ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցելը եւ չհրահրված գրոհ իրականացնելը: Տարածաշրջանում խաղաղության հաստատման համար Ադրբեջանը պետք է հանդես գա որպես խաղաղություն ցանկացող հավասար գործընկեր եւ անհապաղ դադարեցնի ԼՂ ժողովրդի դեմ ուժերի կենտրոնացումը:
Հիշեցնենք, որ ղարաբաղաադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Զոհվել են երեք օդաչուները: Ավելին, ադրբեջանական կողմը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ ղարաբաղյան կողմին թույլ չտալով մոտենալ:




























