ԵԱՀԿ Մինսկի խումբը սահմանափակվեց միայն բավական չեզոք հայտարարությամբ. Ադրբեջանի բարբարոսական ակտի բացահայտ քննադատություն չհնչեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը՝ անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից Արցախի Հանրապետության ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանման միջադեպին:

Քաղաքագետի խոսքով, միայն մտահոգություն արտահայտվեց այն առնչությամբ, որ հնարավոր է իրավիճակի սրում. «Այդ եզրույթն ուղղված էր Հայաստանին հանգստացնելուն, որպեսզի նա Ադրբեջանի գործողություններին չափազանց կտրուկ չարձագանքի: Չնայած մենք հասկանում ենք, որ այդ միջադեպից հետո ե՛ւ Լեռնային Ղարաբաղում, ե՛ւ Հայաստանում տրամադրությունները լարված են, եւ ուժեղ ցանկություն կա վրեժ լուծել Արցախի Հանրապետության ռազմաօդային ուժերի ուղղաթիռի դեմ իրականացված այդ բարբարոսական ակտի համար»,- նշեց Միխայիլ Ալեքսանդրովը: Նա ընդգծեց, որ միջազգային հանրությունն այնքան էլ «ուշադիր» չի վերաբերվում ղարաբաղյան հակամարտությանը:

«Ագրեսիան իրականացվել է հենց ադրբեջանական կողմից: Բայց հիմա Արեւմուտքը ձգտում է քծնել Ադրբեջանին, նրան ներքաշել հակառուսական կոալիցիայի մեջ, դեպի Կասպից ծով միջանցք բացել: Այդ պատճառով ներկայում նրանց ձեռնտու չէ քննադատել Ադրբեջանին: Արեւմուտքը երկակի ստանդարտներ ցուցադրեց: Միջազգային իրավունքը դադարել է գործել, աշխարհը շարժվում է դեպի վտանգավոր իրավիճակ»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:

Այն նկատառմանը, որ Ռուսաստանը նույնպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, եւ ռուսական կողմի հայտարարությունը նույնպես չեզոք էր, նա պատասխանեց, որ ռուսական արձագանքն ավելի լավն էր: «Չնայած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան միջազգային պաշտոնյա է, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ նա ռուս է եւ բավական տպավորիչ հայտարարություն արեց, իսկ Արեւմուտքը նման հայտարարություններ չի արել»,- ընդգծեց Միխայիլ Ալեքսանդրովը:

Նշենք, որ Նիկոլայ Բորդյուժայի մեկնաբանությունում, մասնավորապես, ասված էր. «Նոյեմբերի 12-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական կողմն ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռ է ոչնչացրել: Ուղղաթիռի անձնակազմը զոհվել է: Այդ վտանգավոր միջադեպը սադրում է տարածաշրջանում իրադրության հետագա սրացում եւ խորացնում է մեր մտահոգությունը»: