Նոյեմբերի 15-ի երեկոյան հարձակում են գործել Աբխազիայի վարչապետ Բեսլան Բուտբայի վրա:
Աբխազիայի ՆԳ նախարար Ռաուլ Լոլուան հայտնել է, որ ժամը 21.30-ի սահմաններում, վարչապետի մեքենայի առաջը կտրել է մեկ այլ մեքենա, որից դուրս են եկել երկու տղամարդ, մարմնական վնասվածքներ պատճառել վարչապետին ու դիմել փախուստի: Վարչապետի հետ մեքենայում եղել է նրա ընտանիքը:
Ավելի ուշ Բեսլան Բուտբան հայտարարել է, որ դա ոչ թե մահափորձ է եղել, այլ սովորական ծեծկռտուք, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ինքը եղել է կնոջ եւ երեխայի հետ, երբ իր մեքենայի առաջը կտրել է մեկ այլ մեքենա՝ «հարբած մարդկանցով»:
Վարչապետը եղել է առանց թիկնապահների: Միջադեպից անմիջապես հետո նա զանգահարել է ՆԳ նախարարին եւ անմիջապես գտել են տվյալ մեքենան: «Նշված մեքենան ձերբակալվել է «Էշերա» հենակետում, որում եղել են երկու տղամարդ եւ մեկ կին: Նրանց ինքնությունը պարզվում է»,-ասել է Լուլուան:
Հարձակման հետեւանքով վարչապետը գլխուղեղի ցնցում է ստացել: Նրան առաջին օգնություն են ցուցաբերել հանրապետական հիվանդանոցում, սակայն նա հրաժարվել է հոսպիտալացումից եւ հիմա գտնվում է տանը:
Բուտբան նաեւ հայտնել է, որ հարձակվողներից մեկը եղել է մաքսային կոմիտեի աշխատակից:




























