Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակից շուտ լքել է G20-ի գագաթաժողովը Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա չի մասնակցել աշխատանքային նախաճաշին եւ որոշել հենց այդ ժամանակ ամփոփիչ ասուլիսով հանդես գալ, որտեղ էլ հայտարարել է, որ գագաթաժողովն անցել է «բարիդրացիական եւ գործնական» մթնոլորտում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Համարում եմ, որ մեր աշխատանքն անցավ ոչ միայն կառուցողական մթնոլորտում, այլեւ արդյունավետ էր»,-ասել է Պուտինը: Նա Բրիսբենը ժամանակից շուտ լքելու իր որոշումը բացատրել է ծանրաբեռնված գրաֆիկով եւ մի փոքր քնելու անհրաժեշտությամբ: Պուտինը խնդրել է այդ թեմայով «սպեկույլացիաներ չանել»:

«Ես չգնացի ընդհանուր նախաճաշին, բայց այնտեղ է մեր ֆինանսների նախարարը: Այստեղից մենք պիտի 9 ժամ թռչենք դեպի Վլադիվոստոկ, որտեղից եւս 9 ժամ՝ մինչեւ Մոսկվա: Դեռ պետք է տուն հասնենք եւ երկուշաբթի աշխատանքի դուրս գանք: Դեռ 4-5 ժամ էլ պիտի քնեմ»,-ասել է Պուտինը՝ նշելով, որ հաասցրել է ցտեսություն ասել մի քանի գործընկերների:

«Մեծ քսանյակի» երկօրյա գագաթաժողովը բացվել է նոյեմբերի 15-ին: ՌԴ նախագահը Ավտսրալիա է ժամանել նոյեմբերի 14-ին: Նա մասնակցել է գագաթաժողովի առաջին աշխատանքային նիստին, իսկ մինչ այդ հանդիպել է ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) ղեկավարների հետ: G20-ի հարթակում Պուտինը շփվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի, իսկ ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ: