Իրենց կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեություն ծավալելու համար Ռուսաստանը մի շարք լեհ դիվանագետների է վռնդել երկրից, հայտնում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով ՌԴ-ի ԱԳՆ-ին: 

Այսպիսով, Մոսկվան պատասխանել է նույն հիմնավորմամբ մի քանի ռուս դիվանագետներին Լեհաստանից արտաքսած Վարշավայի նմանօրինակ գործողություններին:

Արտաքսված դիվանագետների թիվը կողմերից եւ ոչ մեկը չի նշում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հոկտեմբերի վերջին Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչը հայտարարել էր «լրտեսական սկանդալի» հետեւանքով ռուս դիվանագետների հնարավոր վռնդման մասին: Հոկտեմբերի կեսին լեհական հատուկ ծառայությունների աշխատակցիները ձերբակալել էին Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող Լեհաստանի զինված ուժերի գնդապետին:

Անցած շաբաթ ռուսական իշխանությունները երկրից վտարել են ԳՖՀ-ի դեսպանատան աշխատակցուհուն: Ավելի վաղ Գերմանիայի իշխանությունները վտարել էին լրտեսության մեջ կասկածվող ռուսական հյուպատոսարանի աշխատակցին: