Ուկրաինայում մալայզիական Բոինգ-777-ի վթարից 4 ամիս անց Associated Press-ը տեսագրություն է հրապարակել դեպքի վայրից, որը գյուղական տներից ոչ հեռու էր գտնվում: Տեղի բնակիչները սկզբում ենթադրել են, թե դա ուկրաինական ռազմական օդանավ է, փոխանցում է ABC News-ը:

Սիրողական  տեսագրությունում կարելի է տեսնել ուղեւորատար օդանավի վթարի ականատեսների արձագանքը, որի բեկորները վթարից հետո հայտնվել էին իրենց տներից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա:  Սա անմիջապես վթարից հետո նկարահանված առաջին տեսագրությունն է: Գյուղի բնակիչները ենթադրում են, որ «եւս մեկ ուկրաինական օդանավ է  ջախջախվել»:

Գյուղի մի բնակիչ հարցնում է. «Իսկ ո՞ւր է օդաչուն»: Մյուսը պատասխանում է.  «Սատանան գիտի»:

Ամստերդամից Կուալա-Լումպուր մեկնող Malaysia Airlines ընկերության Boeing 777-ը վթարի էր ենթարկվել հուլիսի 17-ին Ուկրաինայի արեւելքում:  Օդանավի բոլոր 298 ուղեւորները զոհվել էին:  Կիեւի իշխանությունները վթարի համար մեղադրել էին ապստամբներին, վերջիններս հայտարարել էին, որ նման բարձրությունում օդանավ խփելու միջոցներ չունեն: