Ադրբեջանական կողմը կտրականապես դեմ է, որ ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը այցելի հայկական ուղղաթիռի ընկնելու վայր, որը խոցվել է նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից:

Ինչպես APA-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյահլին, «տեղեկատվությունը, որ ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը մոտինթորինգ կանցկացնի Աղդամում, այն տարածքում, որտեղ խոցվել է հայկական Մի-24 ուղղաթիռը, հայկական կողմի հերթական սուտն է եւ սպեկուլյացիան»:

Նա ասել է, որ «այսկերպ հայկական կողմը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել իր վրա»: Դարգյահլիի խոսքով՝ «մոնիթորինգը կանցկացվի զինված ուժերի շփման գծի հաստատված տեղանքում»՝ Աղդամի շրջանի Մերզիլի գյուղի ուղղությամբ:

Վագիֆ Դարգյահլիի խոսքի ենթատեքստը ակնհայտ է. ադրբեջանական կողմը հրաժարվել է մոնիթորինգ անցկացնել ուղղաթիռի ընկնելու վայրում՝ ԵԱՀԿ ներկայացուցիչներին անվտանգության երաշխիքներ չտալով:
Հիշեցնենք, որ մոնիթորինգը նախատեսված է նոյեմբերի 18-ին: