Ի տարբերություն ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի, Ռուսաստանն իր ռազմակայանները չի տեղակայել ողջ աշխարհում: Սրա հետ կապված անհասկանալի է՝ ինչու Ռուսաստանում այս պահին ընթացող զորավարժություններին այսքան մեծ ուշադրություն է դարձվում, հաղորդում է Russian Today-ը՝ վկայակոչելով գերմանական հեռուստաալիքին տված Պուտինի հարցազրույցը:

Անդրադառնալով ուկրաինական հարցին, Պուտինը հայտարարել է, որ արեւմտյան գործընկերները ոչ մի կերպ չեն նպաստում այդ երկրում իրավիճակի բարելավմանը: «Այժմ Ուկրաինայի արեւելքում ռազմական գործողություններ են ընթանում: Ուկրաինայի կենտրոնական իշխանությունները այնտեղ բանակ են ուղարկել, անգամ բալիստիկ հրթիռներ են կիրառել: Բայց այդ մասին որեւէ մեկը խոսո՞ւմ է: Ի՞նչ է դա նշանակում: Դա խոսում է այն մասին, որ դուք ուզում եք Ուկրաինայի կենտրոնական իշխանություններն այնտեղ բոլորին ոչնչացնե՞ն: Իրենք բոլոր քաղաքական հակառակորդներին ու ընդդիմախոսների՞ն: Դուք դա՞ եք ուզում: Մենք չենք ուզում եւ թույլ չենք տա»,-ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը հավելել է, որ այժմ ամենից կարեւորն այն է, որ հակամարտության երկու կողմերն էլ վայր դնեն զենքը եւ բանակցություններ սկսեն: