Պետք է տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը նվազեցնելու միջոց գտնել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը: Նրա խոսքով՝ այդ խնդրի շուրջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2013-ի օգոստոսին ստեղծված հանձնաժողովը հետազոտություններ է անցկացնում:
«Աշխատանքների ավարտի ժամկետ չի որոշված: Հանձնարարվել է կրճատել ինքնարժեքում ներառված ծախսերը»,-ասել է Նիկոյանը՝ հավելելով, որ արդեն որոշակի աշխատանք կատարված է, բայց ավարտված չէ:
Նշենք, որ 2014-ի ապրիլին Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է օտարերկրյա խորհրդատուների մասնակցությամբ վերլուծության տվյալները, ըստ որի տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը գազով (հիմնականում երթուղայիններ) գնահատվել է 207 դրամ, դիզելով (ավտոբուսներ) 253 դրամ: Ներկայումս ուղեվարձը 100 դրամ է եւ քաղաքապետարանը չի պատրաստվում բարձրացնել այն:




























