Բացի բուն ռազմական գործողություններից, վիրավորների ու մահացածների հետ վարվելու կանոնները միջազգային մարդասիրական իրավունքն է սահմանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը:

«Մասնավորապես հիշեցնում ենք Ադրբեջանի բանակի ղեկավարությանը, որ 1949թ-ի 12-ին ընդունված Ժնեւի կոնվենցիայի 15-րդ հոդվածը հստակ սահմանում է. «Ամեն անգամ, եւ հատկապես մարտերից հետո ընդհարման մեջ գտնվող կողմերն անմիջապես բոլոր միջոցները պետք է ձեռնարկեն, որպեսզի որոնեն եւ հավաքեն վիրավորներին եւ հիվանդներին, նրանց պաշտպանեն կողոպուտից եւ անվայելուչ վերաբերմունքից, ինչպես նաեւ որոնեն մահացածներին եւ նրանց պատսպարեն կողոպտելուց»: Սա զուտ մարդասիրական առումով»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, նշելով. «Թշնամական կողմը պետք է գիտակցի Ադրբեջանի գրավյալ տարածքներից իր զորքի դուրսբերման կարեւորությունը եւ չպետք է հայ երիտասարդներին պատերազմի մեջ ներքաշի:

Ադրբեջանի ԶՈՒ-ն պատրաստ է եւ կարող է կանխել թշնամու ցանկացած սադրանք: Եթե թշնամական կողմը հերթական անգամ համարձակվի որեւէ ռազմական գործողություն ձեռնարկել, Ադրբեջանի զինված ուժերի  անմիջապես հասցրած հարվածը կլինի գործուն եւ կործանարար, ինչը կդառնա մեծ կորուստների եւ ավերածությունների պատճառ»: