2014թ. նոյեմբերի 17-ին` ժամը 10:52-ին, ՀՀ ԱԻՆ Կապանի Հրշեջ փրկարար ջոկատից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի՝ Արծվանիկ գյուղի վարչական տարածքում գտնվող պոչամբարում քաղաքացի է խեղդվել։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը՝ ՀԿԳ քննիչի գլխավորությամբ։
Պարզվել է, որ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի շենք-շինությունների սպասարկման տեղամասում 3-րդ կարգի գազաեռակցող Ա.Նահապետյանը 2014թ. նոյեմբերի 17-ին` ժամը 10:00-ի սահմաններում, Արծվանիկի պոչամբարի թիվ 4-րդ դյուկերի վաքերի մաքրման աշխատանքների ժամանակ ընկել է թափոնի հոսքի մեջ եւ մահացել:
Դիակը փրկարարների օգնությամբ պոչամբարից դուրս է հանվել:
Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:




























