Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է իրենց եւ ընդդիմության կողմից 3 հոգանոց թիմեր նշանակել ոչ իշխանական ուժերի  ներկայացրած 12 կետերից յուրաքանչյուրի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով: «Եռյակի կողմից ներկայացված 12 կետերից շատերը նոր չեն. դրանց կառավարությունը հրապարակայնորեն անդրադարձել կամ իրականացրել է: Այդուհանդերձ, մեր դիրքորոշումները քարացած չեն, եւ մենք պատրաստ ենք քննարկումների: Առաջարկում եմ յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով: Ես ակնկալում եմ, որ ընդդիմությունը ևս կառուցողական կմոտենա համագործակցության մեր առաջարկին»,-ասել է վարչապետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին մեկ անգամ եւս խորհրդարանական ուժերի հետ քննության առնել նրանց կողմից առաջ քաշած 12 կետերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր  վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:

Նա նշել էր, որ այս անգամ հատ առ հատ ու ավելի խորքային քննարկում կծավալեն: Կառավարությունը պատրաստ է առաջ գնալ այդ ճանապարհով, այսինքն վերցնել առաջ քաշված թեման, քննարկել մինչեւ վերջ, հասնել եզրակացությունների, նախանշել կատարվելիք քայլերն ու անցնել հաջորդ հարցին: