Արտասահմանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը վատ կազմակերպելու վերաբերյալ մեղադրանքների պատճառով Ռումինիայի արտգործնախարար Թեոդոր Մելեշկանուն լքել է պաշտոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 «Ես՝ որպես պատվի մարդ, որոշել եմ հրաժարական տալ: Ցանկանում եմ ներողություն հայցել այն ռումինացիներից, ովքեր ստիպված են եղել ընտրատեղամասերին մոտ հերթ կանգնել», - Մելեշկանուի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Նախարարը մեկ շաբաթ առաջ էր նշանակվել՝ պաշտոնում փոխարինելով Տիտուս Կորլեցյանին, որը պաշտոնը լքել էր ցույցերից հետո: Բողոքողները կառավարությանը մեղադրել էին արտերկրի 294 ընտրատեղամասերում քվեարկությանը գիտակցաբար խոչընդոտելու համար:

Նախքան պաշտոնին նշանակվելը Մելեշկանուն զբաղեցնում էր Ռումինիայի արտաքին հետախուզության ծառայության տնօրենի պաշտոնը, մասնակցել էր նախագահական մրցապայքարին, իսկ երկրորդ փուլից առաջ հայտնել Պոնտային սատարելու մասին: