Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը մերժել է նոյեմբերի 5-ի գործով առաջին դատական նիստից առաջ՝ հունիսի 12-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտ 5 ոստիկանների հրազենային վնասվածք հասցնելու համար կալանավորված, ապա ոստիկանական բաժանմունքում բռնության ենթարկված Հայկ Կյուրեղյանի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանի բողոքը, որով վերջինս պահանջում էր վերացնել Հատուկ քննչական ծառայության որոշումը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանը հայտնեց, որ գլխավոր դատախազը հայտնել է, թե քննությունը նորմալ է ընթանում, որեւէ խնդիր չկա:
«Սահմանված ժամկետում որոշումը բողոքարկելու ենք առաջին ատյանի դատարան»,- ավելացրեց Երվանդ Վարոսյանը:
Նշենք, որ Երվանդ Վարոսյանը գլխավոր դատախազին էր դիմել դեռ հոկտեմբերի 24-ին:
Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանն իր նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ դիմում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, որից հետո ՀՔԾ քննիչը նրանից գրավոր հաղորդում ու բացատրություններ էր վերցրել դեպքի առնչությամբ: Ըստ Հայկ Կյուրեղյանի՝ իրեն մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկանական բաժանմունքում:




























