Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանին հանձնել արդարադատությունից փախած հանցագործին:

Haqqin.az-ը փոխանցում է, որ լրագրողների հետ զրույցում Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետհանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադիգովը հայտարարել է, որ դեռեւս պետություն չի գտնվել, որը կցանկանար ընդունել Ադրբեջանում ապրող հայ ընտանիքին:

Ըստ նրա՝ Եղիշե Պետրոսի Գեւորգյանը եւ իր ընտանիքը (կինը եւ երեք երեխաները) խախտել են Ադրբեջանի սահմանը, սակայն  «այստեղ իրենց վերաբերվել են միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան: Հայաստանը լքելու նրանց ցանկության կապակցությամբ Ադրբեջանն արդեն հինգ տարի նրանց պահում է որպես փախստականների»:

Սադիգովը նշել է, որ ներկայումս նրանց երրորդ երկիր հանձնելու հարցով զբաղվում է Ադրբեջանի կառավարությունը:

Ըստ նրա՝ եթե տվյալ ընտանիքի անդամները այլ պետության քաղաքացիներ լինեին, ապա Ադրբեջանն անմիջապես կարտաքսեր նրանց: «Սակայն ներկայումս մեր երկիրը Հայաստանի հետ պատերազմական վիճակում է, եւ հումանիզմի սկզբունքը թույլ չի տալիս նրանց Հայաստան ուղարկել», - հայտարարել է Սադիգովը:

2010 թ. հունվարի 10-ին սպանության մասնակից 52-ամյա Եղիշե Գեւորգյանը  կնոջ եւ երեք երեխաների հետ մեքենայով հատել էր հայ-ադրբեջանական սահմանը՝ հայտնվելով Նախիջեւանի տարածքում:

Ադրբեջանի պատկերացումը հումանիզմի մասին տարօրինակ կերպով տարածվում է միայն հանցագործների վրա:

Հայկական կողմը եւս չի պնդում Եղիշե Գեւորգյանին վերադարձնել: Թող հանցագործներն Ադրբեջանում մնան: