Հղիների նպաստների վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը քննարկել են հայաստանի խորհրդարանում: Ինչպես այսօր նշել է աշխատանքի նախարար Արտեմ Ասատրյանը, «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքի եւ հարակից օրենքների փոփոխությունների նախագծերը միտված են լուծելու մի շարք խնդիրներ: Մասնավորապես, որոշ դեպքերում նպաստները աշխատավարձերից բարձր են ստացվում:
Այսպես, ներկայիս օրենքը չի արգելում հղի կնոջը աշխատանքի ընդունել ծննդաբերությունից 1-2 ամիս առաջ, ապա ձեւակերպել նպաստ, որի վերին շեմը սահմանափակված չէ: Ընդ որում, ձեւականորեն օրենքը չի խախտվում: Մյուս կողմից, չաշխատողների համար երեխայի ծնվելիս որեւէ գումարային օգնություն նախատեսված չէ:
Այդ կապակցությամբ, առաջարկվում է սահմանել նպաստի առավելագույն չափ՝ նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափով (2015թ. նպաստը կկազմի 1 մլն դրամ, իսկ 2016թ.՝ 1,2 մլն դրամ):
Ըստ առկա տվյալների, ամսական 1 մլն դրամ եւ ավելի աշխատավարձ են ստանում ռեպրոդուկտիվ տարիքի 400 կանայք (ծնված 1974թ. հունվարի 1-ից հետո), կամ այդ տարիքային խմբի աշխատող 110 հազար կանանց 0,35 տոկոսը: Այլ խոսքոեվ, ըստ նախարարի, միայն կանանց այդ խումբը չի կարողանա ստանալ նպաստ իր աշխատավարձի չափով:
Ինչ վերաբերում է չաշխատող մայրերին, նրանց համար առաջարկվում է նպաստը հաշվարկել նվազագույն աշխատավարձի տոկոսից (կառավարության հայեցողությամբ, ենթադրաբար 50 տոկոս): Այդ դեպքում 140 օրվա համար նրանք կստանան 138 հազար դրամ:





























